Posted in Նախագծեր

Սահյանական օրեր

Մասնակիցներ՝ 4-5րդ դասարանների սովորողներ:

Նպատակը՝ ծանոթանալ Հ. Սահյանի բնությանը նվիրված բանաստեղծություններին:

Ժամկետները՝ սեպտեմբերի 10-հոկտեմբերի 10

5-րդ դասարան

***

Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է:
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է:
Սարը լույսի լուրն առել,
Կանգնել – մնում է:
Անտառն արդեն քունն առել,
Բայց դեռ լռում է:
Գետն ինձ խորհուրդ է տալիս.
– Գործդ մնում է,
Ժամանակը չի գալիս,
Թողել-գնում է։
Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է։
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է։

Առաջադրանքներ

  • Բառարանի միջոցով գտեք պախրա բառի հոմանիշ։
  • Վիքիբառարանում որոնում կատարեք և փոքր տեղեկություն ներկայացրեք պախրայի մասին /հուշու․ պետք է տեխեկությունը փնտրել պախրայի հոմանիշներից որևէ մեկը գրելով/։
  • Օրվա ո՞ր ժամն է նկարագրված բանաստեղծության մեջ։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով նախադասությունները, դրանք բացատրեք։
  • Երբ որ աստղը քնում է, ի՞նչը կզարթնի ըստ ձեզ։

Լուսաբաց

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը,
Սարերը վեր թռան:

Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը,
Ծառերը վեր թռան:

Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը,
Քարերը վեր թռան:

Եվ ինձ մի պահ թվաց,
Քարերի տակ քնած,
Դարերը վեր թռան:

Անձրև

Ամպը կախվել է ամպից, 
Ամպամած օր է. 
Վերը երկինք է մթին, 
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում, 
Ինչ-որ սարսուռ է… 
Ուշաթափվել է առուն, 
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել, 
Կարծես մրսում է, 
Ու՞մ և ինչու՞, չգիտե, 
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել, 
Փշաքաղվել է, — 
Քարայրի հոնքը ծռվել, 
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին… 
Ա՜խ, վիրավոր է, 
Արյունաքամ կլինի 
Ամպը ուր-որ է:

***

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:

Առաջադրանքներ

  • Բնության ո՞ր երևույթն է բանաստեղծության մեջ նկարագրված։
  • Բնության ո՞ր երևույթն է քեզ ոգեշնչում, ինչո՞ւ։
  • բանաստեղծությունից դուրս գրիր 5 նախադասություն, որտեղ փոխաբերական իմաստով գործածված բառ կա։
  • Բանաստեղծությունն ի՞նչ գույն ունի և ի՞նչ տրամադրություն է քեզ փոխանցում։
  • Գրիր ստեղծագործական աշխատանք՝ «Անձրև» վերնագրով։

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
  • Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։

4-րդ դասարան

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշիտակ…

Ամպը լեզուն կուլ է տվել…

Ցերեկն էլ է ցրտից կծկվել…

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:

5․Նկարագրիր քո բակի աշունը։

***

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

***

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Նախագծի ընթացքը

Սովոորղները կարդում են ներկայացված, ինչպես նաև իրենց ընտրությամբ բանաստեղծություններ, դրանք սովորում անգիր, տեսագրվում, կատարում բանաստեղծություններին հաջորդող առաջադրանքները։

Արդյունքներ

Մեր բակի աշունըԱրթուր Մկրտչյան, Սամվել Բաբաջանյան, Հարություն Մկրտչյան, Արիանա Հարությունյան, Ալեքսանդր Փիրումյան, Դավիթ Տոնոյան, Միքայել Քեշիշյան, Մանուել Վարդանյան, Ավետ Բադեյան, ՎանԷ Տումանեան, Ռուբեն Գրիգորյան, Շուշան Հակոբյան, Գոռ Շաշիկյան, Ալիսա խուդոյան

Ի՞նչ է հայրենիքն ինձ համար — Նռանե Անտոնյան, Սամվել Բաբաջանյան, Ավետ Բադեյան, Մոնթե Պոտրոսյան, Միքայել Քեշիշյան, Վիկտորյա Հարությունյան, Մանուել Վարդանյան, Արիանա Հարությունյան, Արեգ Օսիպյան, Եվա Գասպարյան, Դավիթ Տոնոյան, Արշի Բաբայան, Հարություն Մկրտչյան, Արթուր Մկրտչյան, Աշոտ Բարսեղյան, Արթուր Մկրտչյան, Աննա Վելիցյան, Ալիսա Խուդոյան,

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն