Posted in Հոդվածներ, Uncategorized

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

147Նյութի վերաբերյալ ցուցադրությունը ՝այստեղ:

Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

Արդեն երկու տարի, որ կրթահամալիրում լայնորեն կիրառվում է բլոգային ուսուցումը, և կայացած փաստ է այն, որ բլոգները՝ սովորողի, թե ուսուցչի, ուսումնական տարածքներ են, որտեղ արտացոլվում է յուրաքանչյուրի ուսումնական գործունեույթունը: Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այնպես էլ բլոգային ուսուցումը, սահմաններ չի ճանաչում և մշտապես առաջ գնալու, կատարելագործվելու հնարավորություններ ունի:

Շուրջ երեք տարի ես օգտագործում եմ իմ բլոգը՝ իբրև ուսումնական գործընթացին նպաստող միջոց, բայց այս տարի, առավել քան երբևէ, ինձ համար բլոգը դարձել է օգտակար: Վստահ լինելով, որ սա չէ սահմանը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ներկայանալի աշխատանք ենք կատարել այս ասպարեզում, որը գուցե օգտակար լինի որևէ մեկին: Մինչ սովորողի բլոգին անցնելը, համառոտ ներկայացնեմ իմ բլոգը, որտեղ տեղադրված են ողջ տարվա նախագծերը՝ ըստ ամիսների: Բլոգն ունի մեդիակրթություն բաժին, որտեղ ի թիվս այլ օգտակար նյութերի կան՝ ուսումնական գրականությունգնահատման կարգուսումնական օրացույց, տեղադրված են յուրաքանչյուր դասարանի անելիքները՝ որոնք ներկայացվում են շաբաթվա կտրվածքով: Մեդիակրթության պայմաններում ուսուցիչն ուսումնական նյութի ընտրության լայն հնարավորություն ունի, ուստի շաբաթվա անելիքները մեծամասամբ ներկայացված են հղումների տեսքով: Բլոգում առկա է նաև լրացուցիչ կրթություն բաժինը, որտեղ ներառված են լրացուցիչ առաջադրանքներ: Առաջադրանքների բնույթը բազմազան է՝ ստեղծագործականթարգմանություններգրական ընթերցումներ և այլն: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ դասավանդողի բլոգով է պայմանավորված սովորողի բլոգի բովանդակային կողմը, սակայն յուրաքանչյուր սովորողի համար իր բլոգն անձնական տարածք է, որտեղ նա է «տեր ու տիրական»: Կրթահամալիրում սովորողները երրորդ դասարանից ունեն բլոգներ, և արդեն չորրորդ դասարանում գրեթե բոլորը կարողանում են ինքնուրույն աշխատել իրենց բլոգներում՝ նյութեր տեղադրել, դրանք խմբագրել, սխալները ուղղել:

Սովորողների բլոգներին ներկայացվող պահանջներ

  • Բլոգը պետք է լինի ընթեռնելի
  • Բլոգը պետք է ունենա բաժիններ բոլոր այն առարկաներից, որոնք դասավանդվում են տվյալ սովորողին
  • Բլոգի գույնը, հետևի նկարը պետք է լինեն այնպիսին, որ աչքերը չհոգնեցնեն, ուշադրությունը չշեղեն:
  • Սովորողներն իրենց բլոգից պետք է դասավանդողներին խմբագրումներ կատարելու իրավունք տան:

Գրեթե ցանկացած առարկայի և հատկապես մայրենիի ուսուցման ողջ ընթացքը տեսանելի է բլոգում: Բազմաթիվ են այն սովորողները, ովքեր մասնակցում են գրեթե բոլոր նախագծերին, և նրանց բլոգներում նախագծերը հաջորդում են միմյանց: Հետաքրքիր են նաև սովորողների դիտարկումներն իրենց բլոգների և ընդհանրապես բլոգավարության վերաբերյալ՝  Տիգրան ԳրիգորյանԱնահիտ ՎերմիշյանԿարեն ՄարգարյանՄարկ Հովհաննիսյան, Լյուբով Բաբայան: Նրանցից գրեթե բոլորը բլոգը համարում են սեփական տարածք, ուրախ են, որ տիրապետում են բլոգն աշխատացնելու մեդիագիտելիքներին, ուրախ են նաև, որ իրենց ուսուցիչներն են բլոգով աշխատում՝ այդ կերպ ուսուցումը դարձնելով ավելի մատչելի:

Բլոգային ուսուցման առավելություններն են

  • Ուսումնական նյութի հասանելիությունը: Անկախ այն բանից, թե մարդը որտեղ է գտնվում, նրան միշտ հասանելի է բլոգում տեղադրված նյութը՝ դասավանդողի հանձնարարություն, թե սովորողի կատարած առաջադրանք: Սա թույլ է տալիս սովորողներին ու դասավանդողներին իրենց աշխատանքը կատարել որտեղ ասես՝ տանը, դրսում, ժամանցի որևէ վայրում…
  • Ուսումնական նյութերի համակարգվածություն: Մեդիաուսուցման պայմաններում սովորող թե դասավանդող ստեղծում են տասնյակ նյութեր, որոնց մեջ, իհարկե, լինում են չհաջողվածներ, բայց ստեղծված նյութերի մեծ մասը հետաքրքիր են, օգտակար, ուսանելի և անհրաժեշտ է դրանք պահել՝ հետագայում օգտագործելու նպատակով: Ուստի կարևոր է դառնում այս նյութերի որտեղ և ինչպես պահելու հարցը: Բլոգն այս հարցում կարող է շատ լավ օգնական լինել, որովհետև թույլ է տալիս ոչ միայն իր մեդիատարածքում հարյուրավոր նյութեր պահել, այլև հնարավորություն է ընձեռնում դրանք դասավորել, համակարգել և ներկայացնել: Այդ կերպ հեշտացնելով այս կամ այն նյութը գտնելու գործը:
  • Ուսումնական նյութի ընտրության անսահմանափակ հնարավորություն: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ ուսուցման ընթացքում օգտագործվող նյութերի մեծ մասը տպագիր է և այդ կերպ՝ սահմանափակ, մեր կրթահամալիրում մենք ունենք ուսումնական նյութեր ընտրելու և օգտագործելու անսպառ հնարավորություն: Այս նյութերը ոչ միայն վերցվում են համացանցից, մեդիագրադարանից, մեր դասավանդողների, սովորողների բլոգներից, կրթահամալիրում ստեղծված և ստեղծվող ամսագրերից, այլև թարգմանվում են դասավանդողի և սովորողների կողմից, շատ հաճախ նաև ուսումնական նյութեր ստեղծում են դասավանդողները՝ ելնելով ուսուցանվող նյութի բովանդակությունից և սովորողների գիտելիքներից ու կարողնություններից:
  • Փորձի փոխանակման հնարավորություն: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, որտեղ դասավանդողի ստեղծած նյութերը մնում են թղթի վրա և կարող են հասանելի լինել միայն սահմանափակ թվով մարդկանց, մեր կրթահամալիրում բլոգի միջոցով այն, ինչ ստեղծվում է, մշակվում կամ հավաքագրվում, հասանելի է բոլորին՝ կրթահամալիրում աշխատող դասավանդող, թե այլ դպրոցի ուսուցիչ:
  • Բաց և թափանցիկ ուսուցում: Դասավանդողն իր ծրագրերը, նախագծերը, առաջադրանքները, հանձնարարությունները և ուսուցման արդյունքները տեղադրում է բլոգում: Այդ կերպ հնարավորություն տալով ցանկացած մեկին, ով հետաքրքրվում է կրթահամալիրում կամ տվյալ դասավանդողի կողմից իրականացվող ուսումնական գործունեությամբ, ցանկացած պահի մտնել համապատասխան բլոգը և կատարել ուսումնասիրություն: Նման ուսումնասիրություն կարող է կատարել և նախարարության աշխատակիցը և կրթահամալիրի վարչական անդամը և ծնողը և բնագավառով հետաքրքրվող ցանկացած մարդ՝ խուսափելով ավելորդ լարումից և հնարավոր կեղծիքից (պայմանավորված լավը երևալու անհրաժեշտությամբ)

Ամփոփելով նյութս՝ վստահ եմ, որ յուրաքանչյուր տարի բլոգային ուսուցումը կրթահամալիրում կկատարելագործվի ու շարունակ կզարգանա, որի արդյունքում կունենանք դասավանդողներ և սովորողներ, ովքեր կդառնան հայտնի:

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

1 thoughts on “Բլոգը՝ սովորողի ուսումնական տարածք

Թողնել մեկնաբանություն