Posted in Ընթերցարան

Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ-ին Լոռվա Դսեղ գյուղում և ստացել է պապի անունը՝ Հովհաննես․ այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը։ Նա սովորել է Դսեղի ծխսական դպրոցում, այնուհետև Ջալալօղլու երկսեռ դպրոցում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը`անցել է աշխատանքի։

Բանաստեղծի հայրը՝ Տեր-Թադևոս Թումանյանցն էր։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․«Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող»։ Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 

Թումանյանի մայրը՝ Սոնան ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․ «Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․»։ Թումանյանը դ12 տարեկանում սիրահարվում է Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։

1883թ-ից Թումանյանը տեղափոխվում է Թիֆլիսում և իր ողջ կյանքը շարունակում ապրել և ստեղծագործել Թիֆլիսում։

1888 թվականին՝ տասնինը տարեկանում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ, ունեցել են 10 երեխա, որոնցից 4-ը տղա՝ Մուշեղ, Արտավազդ, Համլիկ, Արեգ և 6 աղջիկ՝ Աշխենը, Նվարդը, Արփենիկը, Անուշ, Սեդա, Թամար։ Թումանյանի տղաներից 3-ին խորհրդային ռեժիմը տարբեր մեղադրանքներով ձերբակալել են և գնդակահարել, իսկ Արտավազդը զոհվել է մարտի դաշտում։

1899թ-ին նրան նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներին էին Ա․ Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը։ Թումանյանը եղել է հայ գրողների միության նախագահը։

Թումանյանին միշտ հուզել և անհանգստացրել է իր ժողովրդի ճակատագիրը։ Կովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջեւ, ծանր ապրումների մեջ, կես մարդ դարձած Թումանյանը հասնում է Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որեւէ առողջարան կազդուրվելու: Առողջարանի գումար նա չուներ եւ այդ պատճառով ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու եւ ավարտին հասցնելու իր «Հազարան բլբուլ» գործը, ինչը չհաջողվեց անել, քանի որ ընդամենը երկու-երեք օր անց վրա հասավ Եղեռնի եւ ավերիչ գաղթի գույժը:

Վատառողջ բանաստեղծը մեկ վայրկյան անգամ չտատանվեց, անմիջապես Թիֆլիսից շտապում է Էջմիածին, որտեղ հավաքել էին հազարավոր գաղթականներ՝ հատկապես որբեր՝ տարբեր տարիքի:

Հայ որբերը

Ժամանակակիցների վկայությամբ, այդ հավաքատեղին իրական դժոխքն էր երկրի վրա: Ցեղասպանության սարսափները տեսած, ամենատարբեր հիվանդություններով վարակված, կեղտոտ ու սոված անթիվ-անհամար երեխաներ հավաքվել էին Էջմիածնում: Այդ առաջին օրերին որբերի կողքին էր միայն Թումանյանը: Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ նա բերել էր նաեւ դստերը՝ Նվարդին: Էջմիածնի հավաքատեղին այդ ժամանակ ոչ միայն դժոխք էր, այլ մահ էր բառի լայն իմաստով: Տասնյակ հիվանդություններ, դրանցից ամեն վայրկյան մահացող որբեր եւ բուժքույրեր:

Հենց այդտեղ է տեղի ունենում Թումանյանի եւ Կաթողիկոսի միջեւ եղած հայտնի երկխոսությունը, որի ժամանակ համեստագույն բանաստեղծն առաջին անգամ տալիս է իրեն թերեւս ամենաարժանի «Ամենայն հայոց բանաստեղծ» անվանումը: Կարճ ժամանակ անց նա դառնում է նաեւ «ամենայն հայոց հայրիկ» բոլոր որբերի համար: Այդպես կոչեցին նրան հենց որբերը: Թումանյանն անմիջապես սկսել էր իրականացնել որբերի տեղաբաշխման, սննդի, հագուստի, հիգիենայի հետ կապված բոլոր վարչական հարցերի համակարգումը: Սակայն նա գիտեր, որ բոլոր այդ հրատապ հարցերից շատ ավելի կարեւոր է որբերի հոգեկան աշխարհը: Զգայուն բանաստեղծը շատ լավ հասկանում էր, որ ընդամենը մի քանի տարվա կյանք ապրած այդ երեխաները տեսել են անհավատալի, սարսափելի ոճիրներ, ականատես են եղել, թե ինչպես են ամենավայրագ ձեւով սպանվում իրենց ծնողներն ու ընտանիքի անդամները: Նրանց մանկական հոգին ու մարմինը կեղեքվել է ամենադաժան ձեւով, եւ այդ պահին աշխարհում ամենից շատ նրանք քնքշանքի ու մայրական սիրո կարիք ունեն: Եվ նա սկսում է կոչ անել բոլոր կանանց ու աղջիկներին լինելու որբերի կողքին:

Ինչքան էլ քույրերը նվիրումով կատարեին իրենց աշխատանքը, միեւնույն է, որբերի ամենասիրելին, միակ հույսն ու ապավենը Թումանյանն էր: Նրան էին դիմում իրենց բողոքներով, խնդրանքներով, նրան էին կանչում հիվանդ ժամանակ, խնդրում, որ իրենց ծամերը չկտրեն, որ իրենց համար կարմիր զգեստ կարեն. «..Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»:

Որբերի առօրյան թեթեւացնելու եւ տխրությունը մի փոքր փարատելու համար նա հազար ու մի հնարք էր մտածում: Այդպես՝ երեխաներին քաջալերելու համար, բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն ծանոթացնելու Անդրանիկի հետ: Եվ այս պայմանն իրոք գործում էր: Երեխաները մոռացած իրենց վշտերն՝ ինքնամոռաց տրվում էին ուսմանը՝ Անդրանիկին գեթ մեկ անգամ տեսնելու համար:

Անդրանիկ ՕզանյանըԱնդրանիկ Օզանյանը

Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով: Երկրում սով էր ու աղքատություն, սակայն շատ ընտանիքներ միեւնույն է որդեգրում էին գաղթական երեխաներին:

Հովհաննես Թումանյանը Հովհաննես Թումանյանը

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին երեկոյան 9-ին 54 տարեկան հասակում։ Թումանյանի անունով է կոչվում փողոց և տիկնիկային թատրոնը։ Թումանյանին անվանում են ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ։

Աղբյուր՝ https://mediamax.am/am/news/society/27235

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն