Posted in Նախագծեր

Մեդիաուրբաթի նախապատրաստում

Ժամկետ՝ նոյեմբերի 1-25

Մասնաիկցներ՝ 4-րդ դասարանցիներ

Նպատակ՝ սովորել և տարածել Հ․ Թումանյան բանաստեղծություններ՝

Բանաստեղծություններ

* * *

Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Երկու ամպերը ստեղծագործական աշխատանք՝ Սամվել Բաբաջանյան, Սարգիս Վարդանյան, Արևիկ Մարտիրոսյան, Ալեքսանդր Փիրումյան, Ալեքսան Ավագյան, Արիանա Հարությունյան, Արեգ Օսիպյան, Դավիթ Գևորգյան, Վանէ Տունանեան, Ավետ Բադեյան, Գոռ Շաշիկյան, Միա Ալավերդյան, Ռուբեն Գրիգորյան, Արթուր Մկրտչյան, Ալիսա Խուդոյան, Եվա Գասպարյան, Հարություն Մկրտչյան, Դավիթ Տոնոյան, Շուշան Հակոբյան, Միքայել Քեշիշյան, Մանուել Վարդանյան։

* * *

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն