Posted in Հոդվածներ

Գնահատում

1521503_587987071273531_282201862_n2013-2014 ուստարվա առաջին կիսամյակն ինձ համար իրական ձեռքբերումնների շրջան էր:

Ձեռքբերումներիցս մեծագույնը Հիմնական դպրոցի ընթերցասրահն է, որը ամսվա կտրվածքով սպասարկում է 100-ից ավելի գիրք: Էլգրքերի քանակը վերահսկել հնարավոր չէ, որովհետև սովորողներն ազատ օգտվում են մեդիագրադարանից: Շատ կարևոր ու նշանակալից է այն, որ սովորողները կարդում են: Բոլորս ենք լսել և լսում, որ երիտասարդները գիրք չեն կարդում, բայց մեր ընթերցասրահի շնորհիվ ես այսօր վստահորեն կարող եմ պնդել հակառակը, որ կարդում են ու մեծագույն սիրով են կարդում: Տարվա ընթացքում ընթերցողներ ունենալու և ընթերցասրահի գրքերին սովորողներին ծանոթացնելու համար կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ, հանդիպել ենք հրատարակիչների հետ, եղել ենք Հայաստանի տարբեր վայրերում, նվիրել ենք գրքեր: Եթե ամփոփլու լինեմ 2013-ը, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Հիմնական դպրոցի ընթերցասրահը մեր բոլորի ջանքերով կայացել է, արդարացրել է բոլոր սպասելիքները և մի բան էլ ավելին, որովհետև ես չէի հավատում, որ սովորողներն այդպիսի ոգևորությամբ կկարդան:

Երկրորդ նվաճումս համարում եմ նախագծային աշխատանքը: Սետեմբերի սկզբին ինձ համար դժվար էր հստակ պատկերացնել, թե ինչ է նշանակում աշխատել նխագծով: Ի ուրախություն ինձ, առաջին կիսամյակի ավարտին պետք է փաստեմ, որ հաջողվեց ուսուցման այս եղանակը կիրառել և հաջողություններ գրանցել: Սեպտեմբերից մինչև հիմա իրականացրել ենք 3 մեծ` «Վիլիամ Սարոյան», «Սասնա ծռեր» էպոսը և  «Ամանորյա» և մի քանի փոքր`«Բարձունքների հաղթահարում», «Ուսուցիչների տոնը», «Սեբաստացու օրեր» նախագծերը: Շատ հետաքրքիր ու արդյունավետ է եղել լրագրության մեր դասընթացը, որի ընթացքում իրականացնում ենք «Հիմնական ռադիո» նախագիծը:

Երրորդ անիրականանալի թվացող նվաճումս նեթբուքերով դասավանդելն է: Առանց գրքի կարողանում էի պատկերացնել, թե ինչպես կարելի է աշխատել, բայց առանց տետրի, ինձ համար անհնար էր թվում դասավանդումը: Այսօր պետք է փաստել,որ արդեն 3 ամսից ավել է, ինչ աշխատում ենք միայն նեթբուքերով. չունենք ոչ տետր, ոչ գիրք: Սակայն սկզբունքային է ոչ թե պարզապես նեթբուքով աշխատելը, այլ այն, որ այդ աշխատանքը որակական փոփոխություններ բերի ուսուցման մեջ: Այս առումով դեռ շատ լուրջ ու հետևողական աշխատանքներ են անհրաժեշտ ու 2013-2014 ուստարվա գլխավոր անելիքներից մեկը դա պետք է լինի:

Հիմնական դպրոցի բակում յուրաքանչյուր դասարան ունի իր հողատարածքը: Մեր գլխավոր անելիքներից հաջորդը էկոլոգիական մեր նախագծի իրականացումն է, որի շնորհիվ դպրոցի մեզ բաժին ընկած հողատարածքը պետք է վերածվի այգու:

Այսօր մենք ունենք գեղեցիկ, բարեկարգ ու զարգացող դպրոց: Պակաս կարևոր ու դժվար գործ չէ եղածը պահելը. Սա էլ եմ համարում մեր 2014-ի անելիքներից մեկը, որի համար անհրաժեշտ է մեր բոլորի համերաշխությունը և սրտացավությունը:

Առաջարկություն դժվարանում եմ գտնել, բայց խնդրանք ունեմ ամենքիս. ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ այն գործի նկատմամբ, որ անում ենք, որովհետև, եթե յուրաքանչյուր հայ մարդ սրտացավ ու բարեխիղճ կատարի իր աշխատանքը, ապա մենք կունենանք ապահով և արժանապատիվ ապագա:

Գոհար

ընդհանուր 122

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

1 thoughts on “Գնահատում

Թողնել մեկնաբանություն