Posted in Ընթերցարան

Արիստոտել. մեծ ուսուցչի դասերը

Արիստոտելին հարցրին, թե ինչու նախանձոտ մարդիկ միշտ տխուր են ու անհանգիստ: Փիլիսոփան պատասխանեց.
— Որովհետեւ բացի իրենց ձախորդություններից նրանց տանջում են նաեւ ուրիշների հաջողությունները…
*  *  *
Ալեքսանդր Մակեդոնացին պատանեկության տարիներին կրքով էր տարվել հետերա (անտիկ հունական հասարակության մեջ կիրթ եւ ազատ բարքերով ապրող կանայք էին) Ֆելլիդայի հանդեպ: Գահաժառանգին վտանգից ազատելու համար նրա ուսուցիչը՝ Արիստոտելը, խնդրում է Ֆելլիդային հեռու մնալ Ալեքսանդրից: Ֆելլիդան համաձայնում է, սակայն մի պայմանով, որ զառամյալ Արիստոտելը իր մեջքի վրա պտտեցնի իրեն պալատով մեկ: Արիստոտելը գնում է այդ զոհաբերությանը: Այդ պահին պալատ է մտնում Ալեքսանդրը, եւ Արիստոտելը ամոթից կարմրատակած ասում է.
— Տեսնո՞ւմ ես, թե այս կինն ինչ է անում ինձ պես իմաստուն եւ տարեց մարդու հետ: Պատկերացրու, թե քեզ ինչի կվերածի…
Այս դասը բավական եղավ Ալեքսանդրին…
Արիստոտելին աշակերտելու խնդրանքով դիմեց շատախոս մի պատանի… Երկար զրույցից հետո նա հարցրեց ուսուցչին, թե որքան պետք է վճարի ուսման դիմաց: Արիստոտելը պատասխանում է.
— Իմ մյուս աշակերտների վճարի կրկնակին…
— Ինչո՞ւ,- զարմացավ երիտասարդը:
— Քեզ հետ կրկնակի աշխատանք պետք է տարվի. նախքան քեզ խոսել սովորեցնելը հարկ կլինի լռելու արվեստն էլ ուսուցանել…
*  *  *
   Արիստոտելն ասաց իր աշակերտներին.
— Ինչպես հարբածը չի գիտակցում, թե ինչ հիմար տեսք ունի սթափ մարդկանց շրջանում, այնպես էլ հիմարը բնավ անհարմար չի զգում իր հիմարության պատճառով…
*  *  *
   Արիստոտելին պատահել էր անտանելի մի զրուցակից, ով երկար ու ձանձրալի դեպք էր պատմում: Բավական մենախոսելուց հետո զրուցակիցը հարցնում է Արիստոտելին.
— Ես քեզ չհոգնեցրի՞ իմ խոսքով…
— Ո՛չ բարեկամ, ես քեզ չէի լսում,- պատասխանեց Արիստոտելը…
Երջանկությունը կախված է մեզնից… Արիստոտել
Աղբյուր` http://www.blognews.am/arm/news/28690/aristotel-mets-usucchi-dasery.html

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն