Posted in Ուսումնական ծրագրեր

Հիմնական կրթություն. մայրենի լեզվի դասընթաց 4-րդ դասարանում

Ծրագրի հիմքում «Հայոց լեզու, գրականություն․ հիմնական դպրոց» ծրագիրն է

Մայրնեի դասընթացի ծրագիրը

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը: Լեզուն շարունակ զարգանում է, ունի անհատական դրսևորումներ, որի զարգացումը և կատարելագործումը մայրենի դասընթացի հիմնական խնդիրներից է: Մայրենի լեզվի միջոցով անհատը հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն, ինքնադրսևորվում։

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • Յուրաքանչյուրը (անհատը, ընտանիքը, դպրոցը, պետությունը) պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր, միջոցներ (թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նյութեր, որոնք նպաստում են լեզվի զարգացմանը)
  • լեզվի միջոցով մարդու փորձի, աշխատանքային գործունեության արդյունքի հանրայնացում և փոխանցում (ֆիզիկական և մեդիամիջավայրի միջոցով):

Ուսուցման խնդիրները

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների ընդարձակում.
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Ուսուցման միջավայրը

  1. Նյութական միջավայրը`
  • ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.
  • ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.
  • դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.
  • քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.
  • հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։
  • գրադարան, ընթերցարան
  • Ընտանիք

2. Մեդիամիջավայրը`

  • անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).
  • դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.
  • հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող ամսագրեր
  • կրթահամալիրի մեդիագրադարան
  • Ուսումնական TV և ռադիո խմբագրություններ
  • mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագրեր
  • վիրտուալ պահոցներ և ցանցեր (Soundcloud,  wordpress, YouTube, facebook,  googledrive, slideshow  և այլն).

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները, ծրագրեր

  • համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ),
  • տեսագրող, ձայնագրող,
  • լուսանկարող թվային միջոցներ:
  • տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
  • թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).
  • աուդիո-տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (հեռախոսի մոնտաժի համար նախատեսված հավելվածներ).
  • աուդիո-տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).

Դասավանդողի բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը.
  • իրականացվող ուսումնական նախագծերը.
  • ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.
  • անհրաժեշտ տեսական գրականություն՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն, ուսումնական կայքեր (վերնագրեր, հղումներ).
  • դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր, առաջադրանքների փաթեթներ և ընթերացարաններ, մեթոդական հոդված, թարգմանություն.
  • ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
  • մեդիաընթերցարաններ

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են կիրակի օր ողջ շաբաթվա համար. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` հեռավար մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ՝

  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը
  • սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….
  • ըստ շրջանների հաշվետվությունների բաժին

Մայրենիի ուսուցումը կազմակերպվում է գրավոր և բանավոր խոսքի միջոցով

Կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան դասավանդողը հեղինակային նախագծերը հրապարակում է իր բլոգում: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքից առաջ հրապարակում է նաև օրվա անելիքը` անհրաժեշտ առաջադրանքներով, ուսումնական նյութերով և հղումներով, ինչպես նաև առանձին սովորողներին ուղղված լրացուցիչ առաջադրանքներով:

Մայրենիի ուսուցումն ունի մի քանի բաղադրիչ՝ նախագծային աշխատանք, աշխատանք գործնական քերականության գրքով, աշխատանք գիրք-տետրով, 4-րդ դասարանի գիտելիքների ստուգմանը նախապատրաստություն:

Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո-տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:

Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը  բավարարում է հետևյալ պայմաններին.
— մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
— համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
— նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։

Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:

Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից  բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
— կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
— մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
  • նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

  • հետաքրիր, ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,
  • ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների մասնակցություն,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք.

  • հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի,
  • ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք,
  • լրագրողական հետաքննություն և այլն.

ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում): 

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Ուսուցման նյութը

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Այդ թվում` գրաբար` գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ) Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ:
Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ:
Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

  • սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.
  • վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը
  •  աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,
  • ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.
  • ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:
  • Բառապաշարի հարստացմանը

Ուսումնական նյութը պետք է.

  • համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ
  • լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.
  • պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)
  • անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն