Posted in Նախագծեր

Պատրաստվում ենք ուրբաթ-համերգին

Անտակ պարկը 

Հին շո՜ր, հին կոշի՜կ…
-Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
-Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
-Հետո՞… -Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութա
— Հետո՞… -Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,
Բայց հայտնվեց հատակում:

Այ քեզ շաբաթ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
-Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Փոքր պատմվածքներ

Թե ինչպես կապիկները   ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Կոնֆետի անձրև

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

Անսխալ երկիր

Մի մարդ էր ապրում աշխարհում,
Մի անհանգիստ մարդ:
Նա շրջել էր ողջ մոլորակը,
Փնտրել էր աշխարհով մեկ
Անսխալ մի երկիր::
Բայց հույսերը զուր էին,
Փնտրելն իզուր էր,
Սխալներն հիմա ամենուր են՝
Հյուսիս ու հարավ, արևելք, արևմուտք,
Գնա հիմա՝ ուր ուզում ես:
Սխալ է ու սխալ, ու թերություններ:
Ուրեմն իրո՞ք փնտրելը զուր է,
Նստե՞լ, սպասե՞լ , ինչի՞ն սպասել:
Մենք համամիտ չենք:
Խնդիրը ճիշտ պիտի դնել,
Նպատակը պիտի ճշտել,
Փնտրել ուրիշ ճանապարհներ: .
Տե՛ս, թե դու ինչ պիտի անես.
Հանգիստ թողնես մեծ մոլորակը,
Եվ քո փոքրիկ երկիրը շտկես,
Ապրես ու շտկես, ապրես ու շտկես
Սխալները մեկ առ մեկ:

Շղթա
Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ: Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն