Posted in Հոդվածներ, Uncategorized

Մի սովորողի պատմություն կամ փոքր քայլերի արվեստը

54463204_2549564345116435_8830421175386505216_o
Լուսանկարը՝ Հասմիկ Պողոսյանի

Յուրաքանչյուր սեբաստացի կրթահամալիրի մասին այլոց հետ խոսելիս թերևս ամենից հաճախ լսում է հետևյալ հարցը, թե ինչու է կրթահամալիրում ուսուցումն իրականացվում թվային տեխնոլոգիաների միջոցով և ոչ թե ավանդական գիրք տետրով: Այս հարցին կան, իհարկե, բազմաթիվ հիմնավոր ու անհիմն պատասխաններ, բայց ինձ համար առաջնային ու կարևորը մեկն է: Ուսուցման այս եղանակն ինձ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողին՝ ըստ անհրաժեշտության, անհատական մոտեցում ցուցաբերել, որը ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ իրականացնել թղթային ուսուցման պայմաններում: Անհատական ուսուցում ասելով՝ շատերը, այդ թվում ժամանակին և ես, ենթադրում են շատ բարդ ու երբեմն գուցե ահնար աշխատանք, բայց տարիների փորձը ցույց տվեց, որ անհատական ուսուցման միջոցով դասավանդողի աշխատանքը դառնում է ավելի հեշտ, ավելի արդյունավետ ու հետաքրքիր, որովհետև սովորողը, որն ընդգրկված չէ դասերին, որովհետև ինչ-ինչ պատճառներով չի կարողանում այս կամ այն առաջադրանքն կատարել, ավելի շատ է հոգնեցնում դասավանդողին և դժվարացնում նրա աշխատանքը, քան եթե այդ սովորողի համար լրացուցիչ աշխատանք կատարվի, առաջադրանք կազմվի և սովորողը ուսումնական պարապմունքին և տանն ունենա անելիք:

Իմ բլոգում արդեն մեկ տարի է ունեմ անհատական ուսուցման բաժին, որտեղ ըստ սովորողների անունների դրվում են առաջադրանքներ: Այս մոտեցումը գուցե քննադատվեր (կա կարծիք, որ սովորողներին չի կարելի առանձնացնել մյուսներից, որպեսզի արհեստականորեն պատնեշներ չստեղծվեն), եթե չլիներ հենց սովորողների պահանջը, ովքեր իրենց շատ լավ ու շոյված են զգում, երբ դասավանդողի բլոգում իրենց անվանական առաջադրանքն են տեսնում, եղել են անգամ դեպքեր, երբ սովորողը մոտեցել և խնդրել է, որ իր անունով էլ առաջադրանք դնեմ, եղել են, իհարկե, հակառակ իրավիճակներ ևս: Նման դեպքերում շատ արագ ընդառաջել եմ սովորողին, նրա համար նախատեսված առաջադրանքները դրել մակարդակով իրեն համապատասխան սովորողի անվան դիմաց:

Պետք է խոստովանեմ, որ անհատական աշխատանքներիս փորձը սկսել է Հարավային դպրոցի այժմ 5-րդ դասարանի սովորող Ալբերտ Նալբանդյանից: Վերջինս Հարավային դպրոցում է սովորում առաջին դասարանից և ունի լեզվական խնդիր, թե ինչ խնդիր, լավ չգիտեմ ու այս հարցում մետեցումս այն է, որ կարևոր չեն բժիշկների ախտորոշումներ, տված սահմանումները, կարևորը այն է, որ երկու մարդու միջև՝ ուսուցչի և սովորողի, առաջանա համագործակցություն, և այդ դեպքում հաջողությունն անխուսափելի է:

Եվ այսպես 4-րդ դասարանից սկսեց իմ ու Ալբերտի աշխատանքը, որը հենց սկզբից դատապարտվեց անհաջողության: Ալբերտի ասած բառերից և ոչ մեկը չէի հասկանում: Սկզբում դեռ հանդուրժում էր, մի քիչ դիմանում, ավելի շատ լռում, քան խոսում, բայց հետո իրավիճակն ավելի լրջացավ, Ալբերտին սկսեց այդ փաստը խիստ բարկացնել, ամեն ինչ հասավ կռիվներին ու լացին: Ես մոլորված էի. ամեն օր զրուցում էի դասվարի, ծնողների հետ, փորձում ելքեր գտնել: Ինձ խորհուրդ տվեցին խորամանկություն բանեցնել և այն դեպքում, երբ զգամ, որ հասունանալու է զայրույթը, ձևացնեմ, թե ամեն ինչ հասկացել եմ և համաձայնեմ Ալբերտի հետ: Մի քանի օր այս հնարքն գործեց, բայց ուրախությունը կարճ տևեց, որովհետև Ալբերտը գլխի ընկավ ու զայրույթը կրկնապատկվեց: Այսպես հասանք հոկտեմբերին ու այն ժամանակ, երբ թվում էր, թե այլևս որևէ բան չի կարող իրավիճակը փրկել և Ալբերտն ինձ տեսնելուց միայն պետք է նյարդայնանա, տեղի ունեցավ պատահական միջադեպ: Մայրենիի ուսումնական պարապմունքին սովորողներն աշխատում էին, սեղանին էլ ձայնագրիչ էր դրված, Ալբերտը վերցրեց դա ծիծաղելի արտահայտություն տալով աչքերին՝ մոտեցրեց դեմքին, ես առիթը բաց չթողեցի, լուսանկարեցի:IMG_20180123_123134.jpg

Մինչ կասկածների մեջ էի ցույց տալ նկարը, թե ոչ, Ալբերտը մոտեցավ և պահանջեց, որ ցույց տամ նկարը: Ի զարմանս ինձ, նրան դա շատ զավեշտալի թվաց, երկար նայեց, ծիծաղեց ու ստեղծվեց լուսանկարների այս շարքը, որտեղ Ալբերտի որոշմամբ պետք է բեմադրվեր, թե ինչպես է ձայնագրիչը նրա ձեռքից ընկնում և ինչպես է բարձրացնում գետնից: Ահա այսպես ստեղծվեց այս շարքն ու մենք ընկերացանք:

Հետագա օրերին մեդիան մեզ ավելի օգնեց. Ալբերտի հետ հեքիաթ էինք ընտրում, տանը նրա համար կարդում էին, ինքը պատրաստվում էր և դասի ժամանակ ես տեսագրում էի նրան:

Այս ընթացքում սկսեցինք նաև գրավոր խոսքի վրա աշխատել, բայց Ալբերտը համակարգչով բոլորովին չէր ցանկանում աշխատել, նյարդայնանում էր, ու մենք ստիպված աշխատում էինք տետրում: Սկզբնական շջանում դրանք արտագրություններ էին, որովհետև ոչ մի բառ Ալբերտն ինքնուրույն, առանց տառ-տառ թելադրելու չէր կարողանում գրել, հետո սկսեցինք բառերի բաց թողած տռերը լրացնել, հետո վանկերը, հետո սկսեց միավանկ, պարզ բառեր գրել: Ի վերջո հասանք այնպիսի մի փուլի, երբ հասկացա, որ Ալբերտը պատրաստ է նոթբուքով աշխատելո: Մայրիկի հետ խոսեցինք, և 5-րդ դասարանի սեպտեմբերից Ալբերտն եկավ դպրոց իր անհատական նոթբուքով: Սկզբում առաջադրանքները ֆլեշով էի կազմում, բերում, հետո Ալբերտի համար էլեկտրոնային հասցե բացեցինք, մի քանի անգամ մայրիկը ստացավ նամակները, պատասխանեց, իսկ հետո արդեն՝ Ալբերտը: Համոզվելով, որ այս փուլն էլ է հաղթահարված՝ Ալբերտին ասացի, որ առաջադրանքներն այլևս չեմ ուղարկելու, ինքը պետք է մտնի, իմ բլոգից վերցնի: Այժմ Ալբերտն ունի իր անհատական բլոգը, որտեղ առանց դժվարության հրապարակում է իր կատարած աշխատանքները, էլեկտրոնային փոստով կարողանում է ուղարկել աշխատանքի հղումը: Գրավոր խոսքը շատ զարգացել է, կարողանում է նախադասություններ կազմել և անսխալ բառերը գրել: Ալբերտի ամենափոքր հաջողությունով մինչև ամենամեծ հաջողությունն ուրախացել ենք ողջ դպրոցով և շարունակում ենք ուրախանալ: Ուրախանում են նաև ծնողները, ովքեր իրենց որդու ուումնական աշխատանքը հաջողելու համար ոչինչ չեն խնայել: Վստահ եմ, որ այն ինչին հասել ենք, դեռ փոքր մասն են այն հաջողությունների, որոնք սպասում են Ալբերտին ապագայում, որովհետև նա շատ աշխատասեր, ընդունակ ու հետևողական տղա է:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s