Posted in Ընթերցարան, Uncategorized

Ոսկու կարասը: Հ. Թումանյան

img51.jpgԵս մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի չինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․

Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մար—իկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թա—ավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։

Կարասը բաց է անում՝ դար—յալ մեջը լիքը օձ։

Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բա—տը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու ար—ար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ

  • Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
  • Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
  • Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:
  • Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:
  • Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք:
  • Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:

 

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s