Posted in Նախագիծ 18-19, Uncategorized

Սահյանական օրեր

DSC01684Մասնակիցներ՝ 4-6-րդ դասարանների սովորողներ:

Նպատակը՝ ծանոթանալ Հ. Սահյանի բնությանը նվիրված բանաստեղծություններին:

Ժամկետները՝ հոկտեմբերի 10-20

4-րդ դասարան

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշիտակ…
  2. Ամպը լեզուն կուլ է տվել…
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
  • Բացատրիր վարդագույնով նշված բառերը:

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:

***

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

***

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

5-րդ դասարան

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Նկարիր կամ պատկերացրու մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար: Պատմիր այդ նկարը:

***

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  2. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
  3. Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:
  4. Ինչպե՞ս են ընկերներ ձեռք բերում. ի՞նչն ես կարևորում ընկերության մեջ:
  5. Առցանց քննարկում՝Ինչպե՞ս են բարեկամանում:
  6. Բաանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

***
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչ թուլության մասին է խոսւոմ Հ. Սահյանը:
  • Փորձեք բացատրել թուլություն բառը, այն լա՞վ թե վատ վիճակ է: պատասխանը հիմնավորեք:
  • Երբևէ փորձե՞լ եք չարության դեմ բարություն անել: Պատմեք այդ մասին:
  • Ինչպե՞ս կարելի է մարդուն անգիր անել: Ինչպե՞ս եք այս տողերը հասկանում՝
  • Քեզ դեռ չգրված
    Երգիս տողի պես
    Անգիր եմ արել…
  • Բացատրեք այս տողերը՝ Ինձ քեզնից խլել, չեմ կարողանում…

***

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  2. Նկարիր այդ պատկերներից մեկը:
  3. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

6-րդ դասարան

ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն — առանց մեզ:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:

Առաջադրանքներ

  • Բացատրեք հետևյալ տողերը՝ Ես էությամբ դարձա դու, Դու էությամբ դարձար ես…
  • Ի՞նչ եք կարծում, երբ կարող են երկու եսերը խառնվել իրար:
  • Ինչի մասին է բանաստեղծությունը, պատասխանը հիմնավորեք:

ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ

Մի տեղ իշխան ու տեր,
Մի տեղ համեստ հովիվ,
Մի տեղ ճորտ եմ եղել,
Մեկին մոտ-մտերիմ,
Մեկին հազիվ ծանոթ,
Մեկին խորթ եմ եղել:
Մի օր զարթնած անտառ,
Մի օր հնձած հովիտ,
Մի օր կորդ եմ եղել:
Ինչ եղել եմ, եղել, —
Միայն չասեք, թե ես
Ավելորդ եմ եղել:
Ես կատարյալ մարդու,
Մարգարեի, աստծո
Հավակնորդ եմ եղել:
Ես և բարձր եմ եղել,
Եվ շիտակ եմ եղել
Իմ երազի նման,
Եվ իմ անցած երկար
Ճանապարհի նման
Խորդուբորդ եմ եղել:

Առաջադրանքներ

  • Բանաստեղղծությւոնից գտեք իրար հականիշ 2  զույգ բառ:
  • Բացատրե, թե ինչ է նշանակում ԿՈՐԴ:
  • Ինչպիսի՞ մարդու մասին կարելի է ասել, որ նա բարձր մարդ է:
  • Եթե ձեզ համեմատեք ճանապարհի հետ, ինչպիսի՞ ճանպարհ կլինեք դուք:

Դիտիր տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=mxq0L_bhyCU#t=33

5.2-3 նախադասությամբ նկարագրիր ֆիլմի մայրամուտը:

Համեմատիր Սահյանի նկարագրած մայրամուտը ֆիլմի մայրամուտի հետ:

Արդյունքներ՝

Սովորողները կարդում են «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը՝ Գայանե Բալաբանյան, Իվետտա Մեյթարջյան, Իրինա Գյուրջինյան,

Սովորողները կարդում են «Մայրամուտ» բանաստեղծությունը՝ Մանե Հովհաննիսյան, Իրինա Գյուրջինյան, Էլեն Պոտրոսյան, Գոհար Բարսեղյան, Աշոտ Զոզանյան,

«Մշուշների շղարշի տակ» բանաստըեղծությունն ընթրցում են սովորողներնը՝ Արեն Համբարձումյան, Ալեքս Գևորգյան, Տաթև Մամիկոնյան, Կորյուն Գաբոյան, Հայկ Սարգսյան,

«Ձկնիկն առվին խուտուտ տվեց» Տաթև Մամիկոնյան,

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել մեկնաբանություն