Posted in Ուսուցչի օրագիր, Uncategorized

Սեպտեմբեր

img_0002

Նոր հավեսով, նոր գաղափարներով

Տարվա եղանակներից յուրաքանչյուրը սիրում եմ յուրովի, բայց ամառը սիրելու թերևս ավելի շատ պատճառներ ունեմ, ու դրանցից մեկն էլ այն հավեսն է, որով հանգստանալուց հետո կարոտած վերադառնում ես աշխատանքի. սա մի առանձնահատուկ հաճույք է, թվում է, թե սարեր կշրջես. ծրագրերն ու գաղափարներն այնքա՜ն շատ են…

Ուսումնական տարին Ամիրջանյան Մարինեի հետ սկսում ենք հետաքրքիր նախագծով, որը շատ բազմաշերտ է ու ստեղծական: Մտավախություն ունենք, որ սովորողները կդժվարանան վերջնական արդյունքին հասնել, բայց փորձելն անհրաժեշտ է: Նախատեսում եմ նախագիծն իրականացնել 4-րդ դասարանների հետ: Հաջողությունների և դժվարությունների մասին կխոսեմ հաջորդիվ …

Սեպտեմբերի մեկ կամ սպսված հանդիպումների օր

Որքան էլ չեմ սիրում սեպտեմբերի մեկը, բայց օրն ունի տոնական երանգ ու թերևս հաճելին ավելի շատ է, քան տհաճ շոգը, խառնիխուռը վիճակը, անսովոր դարձած ծանրաբեռնվածությունը: Սեպտեմբերի առաջին օրվա ամենամեծ, ամենալուսովոր ու ամենակարևոր բանը սովորողներն են, ովքեր միշտ սպասածից ավելի են մեծացած ու փոխված լինում, միշտ ջերմ են, էներգիայով հորդուն: Մոռացված դեմքեր, սպասված ու անսպասելի հանդիպումներ, գրկախառնություններ, ջերմ խոսքեր, ժպիտներ, շոգ ու հոգնածություն. ահա թե ինչ է սեպտեմբերն ինձ համար: Այս ուսումնական տարին սկսում եմ առանց իմ երկարացված օրվա խմբի ու աշխատում եմ ողջ փորձս, ձեռքբերումներս ի մի բերել, որպեսզի փոխանցեմ հաջորդին: Այս ճանապարհին է, որ հասկանում եմ, թե ինչ բարդ ու բազմաշերտ աշխատանք եմ երկու տարի իրականացրել, որքան հմտություններ եմ ձեռք բերել այդ ընթացքում: Թերևս, եթե առանձնացնելու լինեմ, ամենից շատ կկարևորեմ կազմակերպվածությունը, հետևողականությունը և պահանջկոտությունը: Երկարացված օրը միատար չի կարող լինել և սովորողի համար այն հետաքրքիր դարձնուլ նպատակով պետք է օրվա ընթացքում տարբեր գործունեությունները հաջորդեն իրան, սա հաջողելու, այս կամ այն գործունեությունը չանտեսելու, ժամանակի մեջ տեղավորվելու համար կարևոր է լինել կազմակերպված, հետևողականությունը սեփանակն անձի, սեփական փորձով սովորողին այս կամ այն բանը հասու դարձնելու ամենալավ ճանապարհն է: Պարզ օրինակ բերեմ: հայտնի փաստ է, որ հաց ուտելու ժամանակ ջուր խմելը այնքան էլ չի խրախուսվում, որովհետև խանգարում է մարսողությանը: Եթե դասավանդողն այս մասին խոսում է, բայց հետևողական չէ իր վարքագծում և ինքը հաց ուտելիս ջուր է խմում, ապա սովորողը երբեք չի փոխի իր մոտեցումը և հենց հսկողությունից ազատվի, անմիջապես կանի այն, ինչ նրան չէր թույլատրվում: Հաջողության հասնելու ամենգլխավոր նախապայմաններից մեկը սեփական անձի նկատմամբ ունեցած պահանջկոտությունն է: Սրան հասնելու ճանապարհին պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որ սովորողը կարողանա օբյեկտիվ գնահատել ինքն իրեն և և իր արած աշխատանքը: Ահա սկզբունքային երեք ուղղություններ, որոնք իմ կարծիքով կարևոր են և որոնց աշատել եմ հետևել ու կցանկանայի, որ ինձ փոխարինող մարդը շարունակեր այս աշխատանքն: Իհարկե պետք է աշխատի յուրովի, բայց աշխատի հավեսով, սիրով ու զարգանալու, առաջ գնալու անխախտ միտումով:

Նոր ուսումնական տարում, նոր խնդիրներ

Այս տարի իմ ուսումնական ծանրաբեռնվածությունը սովորականից մեկ 4-րդ դասարանով ավելացել է, որը պատճառ դարձավ, որ հրաժարվեմ երկարացված օրվա կազմակերպչի հաստիքից և լիարժեք ծանրաբեռնվածությամբ ստաձնեմ մայրենիի դասավանդողի պարտականությունները: Նոր սովորողներ, հետաքրքիր մարդիկ, նոր դժվարություններ: Պարզվեց, որ 4.2 դասարանի սովորող Ալբերտն, ով խոսքային դժվարություններ ունեցող տղա է, բոլորովին հրաժարվում է շփվել ինձ հետ: Օրվա սկզբին ծանոթացա մայրիկի հետ՝ հաճելի, պատրաստակամ կին, ով ոչինչ չի խնայում որդու կրթույթան համար, բայց արի ու տես, որ Ալբերտն անհաղորդ է իմ բոլոր դիմումներին ու նույնիսկ որևէ արձագանք չի տալիս: Ահա և խնդիր, որը պահանջում է լուծում…

Ուսումնական տարին մտնում է ընթացի մեջ

Նախագծային շաբաթվա երրորդ օրն է: Այն, ինչ նախատեսել էինք, գնում է բնականոն հունով: Երկուշաբթի սովորողները ոգևորությամբ ներկայացրին իրենց կարդացած գրքերը, երեքշաբթի ըստ կարդացած գրքերի խմբեր կազմեցինք և սկսեցինք գրքերի վերաբերյալ հարցեր գրել: Այսօր արդեն ստուգված, ուղղված հարցերով սկսում ենք խաղերի կազմումը: Մտավախություն ունեի, թե սովորողներին նախագիծը չի ոգևորի, թե խաղեր կազմելիս կդժվարանան, սակայն սպասվածից ավելի ոգևորված էին, հարցերին թիվ ու համար չկար, իսկ խաղ կազմելիս այնպիսի հնարամտություն են ցուցաբերում, այնպիսի եռանդով են աշխատում, որ թվում է, թե սարար կշրջենք:

Ալբերտի հետ էլ հետաքրքիր փոխըմբռնման եկանք: մայրիկի հետ համաձայնության եկանք, որ յուրաքանչյուր օրվա վերջին ինձ նամակով տեղեկացնի, թե Ալբերտն ինչ է տանն արել, որպեսզի մայրենիի պարապմունքին ես դա հարցնեմ: Այսօր հետաքրքիր էր լսել, թե ինչպես էր Ալբերտը իր կիսահայերեն, կիսառուսերեն ու դիմախաղի հարուստ միջոցներով պատմում Չիպոլինոյի արկածները:

Նախագծային շաբաթվա ավարտ

Շաբաթն անասելի երկար թվաց, այնպիսի տպավորություն է, կարծես թե միկ ամիս է դասերը սկսվել են: սովորողներն էլ արդեն հունի մեջ են մտել, տրամադրությունն աշխատանքային է: Այսօր մենք ավարտեցինք մեր նախագծերը և պետք է խոստովանել, որ 4.2 դասարանում սովոողները չկարողացան գործն ավարտին հասցնել: Ամռան ընթացքում ավելի շատ գրքեր էին կարդացել, հարցեր կազմելիս բավական ակտիվ էին, բայց համախմբվածությունն ու կազմակերպվածությունը պակասեց նրանց, որ իրենց ստեղծած խաղերն ավարտին հասցնեն, այնինչ 4.1 դասարանում ունենք լիարժեք 4 խաղ՝ յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր, գունազարդ և ուսանելի:

Մանկավարժությունն աընդհատ աշխատանք է

Կրթահամալիրի դասավանդողների և սովորողների խմբով երկօրյա նախագծային ճամփորդության էինք մեկնել դեպի Սևան: Նախագծի ղեկավարը Քնարիկ Ներսիսյանն էր, բայց գաղափար տվողն ու ոգևորողը տիար Բլեյանն էր: Նախագիծը երկարաժամկետ է և առաջ է քաշում հայ մարդու համար կենսական կարևորություն ունեցող հարցերից մեկը՝ Սևանա լճի մաքրության և պահպանության խնդիրը: Դրա համար պետք է լավ ճանաչել Սևանի ավազանը՝ իր լեռներով, գետերով և գյուղերով: Այս ճամփորդությունն այդ ուղղությամբ արված առաջին քայլն էր, և իհարկե ճամփորդության առանցքում տիար Բլեյանն էր՝ մարդ, ով ուսուցիչ է բառի ամենախոր ու ամենապատվավոր իմաստով, ուսուցիչ է բոլորի համար՝ մեծ թե փոքր ու նաև իսկական հայրենասեր՝ մարդ, ով գիտի իր հայրենիքը՝ պատմությամբ, բնությամբ, աշխարհագրական առանձնակատկություններով, մարդ, ով սիրում, հիանում է իր հայրենիքով, հոգ տանում հայրենի բնության նկատմամբ՝ մաքրում այն ու անհոգնել օրինակ ծառայում:

Ինձ համար սա կարևոր և ուսումնական ճամփորդություն էր. շնորհակալ եմ բոլորին՝ հետաքրքիր, բովանդակալից այս երկու օրարի համար:

Սարոյանական օրեր

Սեպտեմբերյան իմ նախագծերի մեջ իր կարևոր տեղն ու դերն ունի Սարոյանը՝ իրեն բնորոշ մեղմությամբ, նուրբ հումորով ու անսահման բարությամբ: Յուրաքանչյուր տարի սովորողների հետ անդրադառնալով Սարոյանին՝ առանձնահատուկ հաճույք եմ զգում և ջերմություն: Այօր 4-րդ դասարաններում զրուցում էինք Սարոյանի մասին, և ի զարմանս ինձ, սովորողները բավական տեղեկացված էին ու տեղեկացված էիր իրենց ավագ ընկերներից, քույրիկ-եղբայրներից, մի բան, որ հաստատում է այն փաստը, թե Սարոյանը սիրելի է բոլորին: Որևէ նախագիծ սկսելիս, ես միշտ սկսում են տվյալ գրողի ստեղծագործություններով, կարդում, քննարկում ենք դրանք, հետո դրանց միջոցով փորձում ճանաչել այդ ստեղծագործությունների հեղինակին՝ ընդհանրություններ փնտրելով նրա ու իր հերոսների միջև: Նույն կերպ վարվեցինք նաև Սարոյանի դեպքում: Սովորողնեը, ովքեր արդեն սիրում ու ճանաչում էին Հոմերին,  Յուլիսիսին, Սարոյանի մասին պատմությունները լսելով՝ անմիջապես գտան նմանություններ ու զուգահեռներ: Սարոյան ընթերցելիս հանդիպող միակ դժվարույթունը ստեղծագործությունների ծավալն է: 4-րդ դասարանի սովորողներն, ովքեր սովոր են 1-2 էջանոց նյութերի, տրտնջում են՝ տեսնելով 2-3 թերթանոց ստեղծագործությունը, բայց Սարոյանի ստեղծագործություններն այնքան հեշտ ընկալելի են, գրավիչ ու թեթև, որ վստահ եմ՝ դա մեծ ծավալ չէ: Վստահությունս հաստատված է փորձով, որովհետև առաջին չորրորդ դասարանը չէ, որտեղ ես հանձնարարում եմ այդ նյութերը: Այն, որ նյութը յուրացվում է, երևում է հաջորդ օրերի զրույցներին սովորողների ակտիվ մասնակցությամբ: Այն ստեղծագործությունները, որոնք կարծում եմ, թե դժվար կընթերցվեն, նախապես ներկայացնում եմ, բայց ներկայացնում եմ հետաքրքրաշարժ ու գրավիչ ձևով, հանգուցալուծումը բաց թողնելով, որպեսզի սովորողները շահագրգռված լինեն և կարդան:

Եռօրյա հանգստից հետո

4.1 դասարանի Մարատն, ով 10 օրից ավել է որևէ կերպ չի ցանկանում մասնակցել մայրենիի ուսումնական պարապմունքներին, նախընտրում է դասերն անցկացնել միջանցքում՝ հեծանիվ վարելով, այսօր արձագանքեց ինձ: Այսօր հրաժարվեցի Մարատին գրել տալու մտքից, ինչը շարունակ պնդում են նրա ծնողները և սկսեցի փնտրել թեմաներ, որոնց կարձագանքի նա: Թեմաները բազմազան էին՝ Մարատի քույրիկը, մեքենաները, մայրիկը, բակը, բայց բոլորն էլ մնում էին անարձագանք և միակ բանը, որ լսում էի այն էր, թե՝ Մարատն ուզում է քնել: բայց պարզվում է Մարատն էլ թուլություն ունի և այդ թուլության անունն Արջուկ է՝ Հարավային դպրոցի բակում բնակվող շունը, ում մասին ահա թե ինչպես է խոսում Մարատը:

Կոմիտասյան օրեր

Սարոյանական նախագիծը 5-րդ դասարանի սովորողների հետ ամփոփելուց հետո անցանք Կոմիտասին, ում ստեղծագործություններից այսօրվա համար ընտրել էի «Աշուն օր» բանաստեղծությունը: Մայրենիի պարապմունքին միասին կարդացինք բանաստեղծությունը, ապա սովորողները հերթով կարդացին քառատողերը և փորձեցին մեկնաբանել, բացատրել բանաստեղծության պատկերները: Ինձ հաճելի անակնկալ էր սպասում.  մի խումբ սովորողներ ոգևորությամբ ոչ միայն կարդացին Կոմիտասին, այլև շատ հետաքրքիր զուգահեռներով բացատրեցին քառատողերը՝ տալով յուրահատուկ մեկնաբանություններ: Կարծում եմ՝ բանաստեղծությունը սովորելու, հիշելու համար նպատակահարմար է նախ այն կարդալ, հասկանալ, ընկալել հեղինակի ստեղծած պատկերները, դրանք դարձնել սեփականը, հետո միայն սովորել բանաստեղծությունը: Իհարկե, երբեմն նաև հակառակ աշխատանքն էլ ենք կատարում. նախ սովորում ենք բանաստեղծությունը, ապա յուրաքանչյուրը անհատապես է մեկնաբանում է այն: Մեթոդների ընտրությունը պատահական չէ: Այն բանաստեղծությունները, որոնք ավելի բարդ են, պատկերները քիչ մատչելի, նախընտրելի է դրանք մեկնաբանել, հետո սովորել, իսկ փոքրածավալ, լավ հանգավորմամբ, պարզ պատկերներով և բառերով բանաստեղծությունները նախընտրում ենք սովորել, հետո միայն դրանք մեկնաբանել:

Advertisements

Հեղինակ՝

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s